Պարտադիր ստուգումներ օտարերկրյա քաղաքացիների համար
Последнее обновление
6 окт 2023
Օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, պաշտոնական լուսանկար ունենան և մատնահետքեր հանձնեն։ Դա հարկավոր է անել ՌԴ առաջին անգամ մուտք գործելիս. այդպես է պահանջում դաշնային օրենքը։
Ով և երբ պետք է ստուգում անցնի
Բոլոր նրանք, ովքեր Ռուսաստան են ժամանում 90 օրից ավելի երկար ժամկետով, պետք է պարտադիր բուժզննում անցնեն, պաշտոնական լուսանկար ունենան և մատնահետքեր հանձնեն։
Աշխատանքի համար ժամանած անձինք այդ ստուգումները պետք է անցնեն ՌԴ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե այցի նպատակը կապված չէ աշխատանքի հետ, ապա մուտք գործելուց հետո 90 օրվա ընթացքում հարկավոր է անցնել բուժզննում և հանձնել կենսաչափական տվյալներ։
Մատնահետքերը հարկավոր է հանձնել միայն մեկ անգամ՝ Ռուսաստան առաջին անգամ մուտք գործելիս։ Բուժզննումը հարկավոր է անցնել ամեն տարի։
Առաջին բուժզննումից հետո կտրվի տեղեկանք (եզրակացություն), որտեղ նշված կլինի փաստաթղթի գործողության ժամկետը՝ 1 տարի։ Երբ տեղեկանքի ժամկետը լրանա, կրկին հարկավոր է բուժզննում անցնել մեկ ամսվա ընթացքում։
Ով չպետք է ստուգում անցնի
Օրենքի համաձայն՝ 6 տարեկանից փոքր երեխաները և Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիները, որոնց մոտ արդեն կա ժամանակավոր կացության թույլտվություն կամ բնակության թույլտվություն, չպետք է անցնեն այդ ստուգումները։
Ինչ փաստաթղթեր հարկավոր կլինեն
Բուժզննում անցնելիս, լուսանկարվելիս և մատնահետք հանձնելիս օտարերկրյա քաղաքացին պետք է իր հետ ունենա՝
անձնագիր,
անձնագրի ռուսերեն թարգմանությունը՝ հաստատված ՌԴ-ում գործող նոտարի կողմից,
միգրացիոն քարտ,
միգրացիոն հաշվառման մասին ծանուցում (ժամանակավոր գրանցում)։
Ժամանակավոր գրանցում ստանալու ժամկետը
Եթե դուք Ռուսաստան եք գալիս այլ երկրից, ապա ձեզ հարկավոր է գրանցում։ Դա կոչվում է «միգրացիոն հաշվառում»։
Բելառուսի կամ Ուկրաինայի քաղաքացիները գրանցվելու համար ունեն մինչև 90 օր։ Աշխատանքի նպատակով ժամանած Ղազախստանի, Հայաստանի կամ Ղրղզստանի քաղաքացիների համար գրանցման ժամկետը 30 օր է, իսկ Տաջիկստանի քաղաքացիների համար՝ 15 օր։
Մնացած բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար կանոնները նույնն են. անհրաժեշտ է գրանցվել ժամանելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Որտե՞ղ և որքա՞ն ժամանակով կարելի է գրանցվել
Օտարերկրացին Ռուսաստանում կարող է ապրել ցանկացած տեղ՝ բնակարանում, հանրակացարանում կամ հյուրանոցում։ Կարևորը՝ նա պետք է այնտեղ գրանցված լինի։
Եթե անձը Ռուսաստան է եկել առանց վիզայի, նրա գրանցումը կարող է տևել առավելագույնը 90 օր։ Եթե նա վիզա ունի, ապա գրանցման առավելագույն ժամկետը կլինի մինչև վիզայի գործողության ավարտը։
Ինչ կլինի ստուգում չանցնելու դեպքում
Եթե Ռուսաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացին ժամանակին չի անցել բոլոր ընթացակարգերը, իշխանությունները կարող են կրճատել Ռուսաստանի Դաշնությունում նրա գտնվելու ժամկետը, չեղարկել նրա արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը։
Որտեղ անցնել ստուգումները
ՌԴ յուրաքանչյուր մարզի ղեկավարությունը ինքնուրույն որոշում է կենտրոնները, որտեղ կարելի է մատնահետքեր հանձնել և լուսանկարվել, ինչպես նաև՝ բուժզննման համար բժշկական հաստատությունների ցանկը։ Դրանք կարող են հրապարակվել մարզի ադմինիստրացիայի պաշտոնական կայքում։